Լավրովն ասել է, թե ինչ է սպասում Պուտինը Փաշինյանից. Աննախադեպ հանգամանք

Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցին եւ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ հայաստանյան միջավայրում դիտարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամության թեման: Ընդ որում, տպավորություն է, որ այն դիտարկվում է ավելի լուրջ, քան հենց Ադրբեջանում, որտեղից թեման գցեցին հրապարակ: Նախ դա արեցին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ, հետո խորհրդարանի պատգամավորը: Հատկանշական է, որ պաշտոնական այլ, առավել եւս ավելի բարձր մակարդակում Ադրբեջանը թեման չի շոշափել: Ըստ ամենայնի, Բաքուն ուներ հող շոշափելու նպատակ:

Միեւնույն ժամանակ, հատկանշական մյուս հանգամանքն այն է, որ թեման որեւէ կերպ չի շոշափվել Ալիեւի՝ Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Ավելին, այդ հանդիպումից հետո երկու նախագահների մամուլի համար արված հայտարարություններում քաղաքական կամ ռազմա-քաղաքական թեմատիկան ընդգծված կերպով զիջում էր տնտեսականին, իսկ ՀԱՊԿ մասին ընդհանրապես չկար որեւէ խոսք, անգամ անուղղակի՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի համատեքստում:

Այդ ֆոնին, արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում տեղ ունենալու է Ադրբեջանի անդամակցության, կամ դիտորդի կարգավիճակ ստանալու թեման: Թե՞ Պուտինի համար ադրբեջանական «զոնդաժը» չի ունեցել որեւէ ազդեցություն, եւ ՌԴ նախագահը կուլ չի տվել խայծը:

Կա տարածված կարծիք, որ Ռուսաստանը մեծ ցանկությամբ Ադրբեջանին կընդունի ՀԱՊԿ: Գուցե, եթե դրա գինը Հայաստանի հետ հարաբերությունը չէ: Մոսկվայի համար անշուշտ կարեւոր է Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունը: Այստեղ մոտիվները բազմազան են, սակայն Կրեմլը թերեւս լավ է պատկերացնում, որ Ադրբեջանը երբեք չի դառնա Ռուսաստանի ազդեցության գոտի: Այստեղ Մոսկվան ունի ոչ թե մեկ, երկու, այլ մի քանի լուրջ մրցակից: Ռուսաստանի խնդիրն է պարզապես Բաքվի հետ ունենալ սերտ հարաբերություն, որպեսզի դուրս չմնա Ադրբեջանի «վրա» տեղի ունեցող մրցակցությունից:

Ըստ այդմ Ռուսաստանը թերեւս լավ է պատկերացնում, որ Բաքուն ՀԱՊԿ-ում որքան նոր տարածք է ՀԱՊԿ այսպես ասած հովանոցի տակ, նույնքան էլ մի շարք պետությունների «դեսանտ» է այդ կառույցում, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն ունեն Բաքվի վրա: Ընդ որում, այդ պետություններն ամենեւին Մոսկվայի ռազմավարական շահընկերը չեն, որքան էլ դրանց հետո Ռուսաստանը գտնվում է կառուցողական եւ անգամ ռազմավարական որակվող հարաբերության մեջ:

Այդ իմաստով, Ռուսաստանը թերեւս լավ է պատկերացնում, որ Կովկասում միակ կայուն հենարանը Հայաստանն է եւ այն կորցնելու դեպքում Ռուսաստանը կորցնելու է Կովկասը, Հայաստանն Ադրբեջանով որեւէ կերպ փոխելու տարբերակ պարզապես չկա:

Մյուս կողմից, եթե Հայաստանը լինի Մոսկվայի գրպանում, ապա այստեղ իհարկե մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կփորձի Երեւանի վրա իր ահռելի ազդեցությունը թանկ գնով վաճառել Բաքվին, համոզված լինելով, որ Հայաստանը միեւնույն է չի կորցնի, բայց ահա Հայաստանի հաշվին կարող է հնարավորինս շատ բան ձեռք բերել Ադրբեջանի ուղղությամբ:

Մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմ Մոսկվան առաջնորդվում էր հենց այդ տրամաբանությամբ: Սակայն ապրիլյան քառօրյան բացահայտեց դրա վտանգները ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ հենց Ռուսաստանի համար:

Ավելին, Կրեմլի համար թերեւս բավական շոշափելի կամ նկատելի դարձավ, որ այդ տրամաբանության պարագայում Հայաստանում կորցնելը կամ Հայաստանը կորցնելը միանգամայն իրական է, իսկ ահա Ադրբեջանում որեւէ մաս ստանալն անգամ՝  խիստ հարաբերական:

Մյուս կողմից, ներկայում Ռուսաստանի նախագահը բավական բարդ ներքին ու արտաքին վիճակում է, ինչը նրան կարող է ստիպել գնալ զիջումների: Ավելին, բացառել պետք չէ, որ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամության թեման ամենեւին էլ Բաքվի զոնդաժը չէր, այլ նրանց, որոնք ունեն որոշակի ազդեցություն Ադրբեջանի վրա, կապեր, քաղաքականություն թելադրելու հնարավորություն: Բարդ է ասել, տվյալ պարագայում ավելի շուտ Անկարա՞ն կարող էր Ալիեւի հետ այդպիսի բան պայմանավորվել, թե՞ Իսրայելը:

Այստեղ շատ կարեւոր է դառնում Հայաստանի պահվածքը, որպեսզի Երեւանը չվարի գրպանային քաղաքականություն: Ռուսաստան այցից առաջ Նիկոլ Փաշինյանի արձագանքները տալիս են հիմք խոսելու այն մասին, որ Փաշինյանը մեկնում է ամենեւին ոչ գրպանային տրամադրվածությամբ:

Թվում է, թե դա էլ իր հերթին կմեծացնի Ռուսաստանի հակազդեցությունը: Սակայն, այստեղ կա գուցե տարօրինակ ու հակասական հնչող, սակայն նոր իրավիճակում եւ ՌԴ նախագահի բարդ իրադրության պարագայում կարեւոր մի հանգամանք: Ռուսաստանը թերեւս սպասում է Հայաստանից դիմադրության կամ պարզապես ինքնիշխան հաստատակամության, քանի որ այդ դիմադրությունը կամ ինքնիշխանությունն է լինելու ռեգիոնալ լայն համատեքստում Ռուսաստանի կարեւոր խաղաքարտերից մեկը, հատկապես այն դեպքում, երբ Պուտինը վերջին շրջանում զրկվում է շատ խաղաքարտերից:

Այդ ֆոնին խորհրդանշական է հնչում օրերս Սերգեյ Լավրովի հայտարարությունը ՄԳԻՄՕ-ում, որտեղ նա խոսելով Փաշինյանի այցի մասին, հայտնել էր, որ Մոսկվան նրանից սպասում է ռազմավարական հեռանկարների տեսլական: Տողատակում նշմարվում է ինչ որ իմաստով աննախադեպ հանգամանք՝ ՌԴ արտգործնախարարը փաստացի ակնարկում է, որ Մոսկվայում Փաշինյանին սպասում են ոչ թե նրան ինչ որ բան ասելու, այլ նրան լսելու համար: Այսինքն, Մոսկվան պատրաստվում է լսել Երեւանին, ինչը որոշակիորեն նշանակում է նաեւ ձեւակերպել Հայաստանի, ինչպես Լավրովն էր նկատել՝ «նոր առաջնորդի» խոսքի ռեգիոնալ արժեք կամ կշիռ:

Եվ այստեղ ներկայում առկա է հայ-ռուսական փոխադարձ շահի պատմա-բարոյագիտական աքսեսուարներից զուրկ միանգամայն շոշափելի համադրություն, որի վրա պետք է կառուցվի հայ-ռուսական հարաբերության վերափոխման ռազմավարությունը, որն իհարկե տարիների աշխատանքի խնդիր է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am

1,803 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *