Վրաստանի հայ-ադրբեջանական մոլորությունը. վճռորոշ պահ

Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Թխալաձեն հայտարարել է, որ Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հաշվի առնելով երկու երկրների հետ լավ հարաբերությունը: Այդ մասին նա ասել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:

 

Օրերս վրացական առաջատար հեռուստաընկերություններին հարցազրույց էր տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու խոսել հայ-վրացական հարաբերության հույժ կարեւորության մասին, ասելով, թե երկուստեք պետք է պետություններն ու ժողովուրդները վստահ լինեն, որ չեն անի քայլեր, որոնք կվնասեն միմյանց:

Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր նաեւ Վրաստանի նոր վարչապետի այցը Հայաստան, որը դեռեւս նախապատրաստական փուլում է: Վրաստանի նոր վարչապետը արդեն այցելել է Ադրբեջան: Բաքուն Թբիլիսիի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, միեւնույն ժամանակ սակայն ռազմա-քաղաքական էքսպանսիայի աղբյուր: Անզեն աչքով է տեսանելի, որ Բաքուն եւ Անկարան ունեն Վրաստանը տնտեսա-քաղաքական աքցանի մեջ վերցնելու մտադրություն եւ հավակնություն:

Իհարկե նաեւ դա գիտակցելով է, որ Վրաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն ինտեգրվում է եվրատլանտյան կառույցներին, խորացնում հարաբերությունը ՆԱՏՕ հետ եւ ՆԱՏՕ այսպես ասած ինստիտուցիոնալ ներկայացվածությունը իր տարածքում: Դա թուրք-ադրբեջանական էքսպանսիան զսպելու գործուն միջոց է, Վրաստանի թերեւս միակ առարկայական միջոցը:

Այդ համատեքստում, Թբիլիսին չի կարող լինել միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որքան էլ զուտ բովանդակային առումով գաղափարը լինի ընդունելի: Դա խիստ տեսական գաղափար է, որին իրապես հավատալը հղի է վտանգներով, թե Վրաստանի, թե նաեւ Հայաստանի համար:

Հայաստանին պետք չէ Բաքվի հետ հարաբերության միջնորդ: Բաքուն կամ ստիպված կլինի մտածել Հայաստանի հետ նորմալ հարաբերության կամ շփումների մասին, կամ չի գնա դրան որեւէ միջնորդությամբ, առավել եւս Վրաստանի, որին դիտարկում են որպես գործիք, ոչ թե գործընկեր:

Վրաստանի համար գործընկեր եւ դաշնակից կարող է լինել միայն Հայաստանը: Կովկասում այլ տարբերակ Թբիլիսին չունի եւ չի ունենա, որքան էլ ներկայում խնդրահարույց է դիտվում երկու երկրների այսպես ասած հակադիր արտաքին քաղաքական վեկտորը՝ Արեմուտք եւ Ռուսաստան: Անշուշտ, այդ հանգամանքը խնդիր է հայ-վրացական հարաբերության դինամիկայի եւ ընդգրկման համար, որովհետեւ երկու կողմը ստիպված են այդ ուղղությամբ ջանքը բաժանել երկու մասի՝ նախ չեզոքացնել արտաքին հակադիր վեկտորի ազդեցությունը, հետո կառուցել եւ խորացնել երկկողմ հարաբերությունը:

Բայց այդ իմաստով այլ ճանապարհ կարծես թե չկա, ու Երեւանը եւ Թբիլիսին պետք է քայլեն դրանով, որովհետեւ ռազմավարական իմաստով նրանք կարող են սեփական սուբյեկտությունն ու անվտանգության համակարգը ամբողջացնել հնարավորինս սերտ հարաբերությամբ: Նոր աշխարհաքաղաքական իրողությունները այդ իմաստով ընձեռում են որոշակի հնարավորություններ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Կովկասում գործնականում հայտնվում է շրջափակման մեջ: Առերեւույթ լավ հարաբերություն ունենալով թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե Իրանի եւ Իսրայելի հետ, Ռուսաստանը գործնականում գտնվում է այդ ուղղությամբ լուրջ ճնշման ներքո: Այստեղ հայ-վրացական հարաբերությունը Մոսկվայի համար Կովկասում իր սուբյեկտությունը վերաֆորմատավորելու հնարավորություն է:

Այդ իմաստով նոր հնարավորություն է նաեւ Հայաստանում իրավիճակի եւ իշխանության փոփոխությունը, որը նաեւ ռեգիոնալ իմաստով վերափոխման հնարավորություն է, այդ թվում հայ-ռուսական հարաբերության որակական վերբեռնման միջոցով, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաեւ վրացական ուղղությամբ հարաբերության հեռանկարում: Այդ տեսանկյունից պահը ներկայում վճռորոշ է համատեղ աշխատանքի մեկնարկի համար:

Ի վերջո, Ռուսաստանի համար խոշոր հաշվով առավել նախընտրելի է Վրաստանի արեւմտյան ազդեցության գոտում գտնվելը, քան թուրք-ադրբեջանական:

Վրաստանի թուրք-ադրբեջանական աքցանի սեղմումով սկսելու է արդեն ճնշումը ՌԴ հարավի վրա: Իսկ կանխել այդ աքցանը իր ուժով, առանց ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը ի վիճակի չէ: Մոսկվան ներկայում փորձում է ամբողջ ուժով զսպել Բաքվի արկածախնդրությունն Արցախի ուղղությամբ, լրջագույն խնդիրներից խուսափելու համար:

Մյուս կողմից, հայ-վրացական գործակցության խորության եւ հեռանկարի վրա Արեւմուտքի հետ թեկուզ անուղղակի ռազմավարական պայմանավորվածությունը Մոսկվային թույլ կտա Հայաստանի ամրացման միջոցով ինքն էլ ամրանալ Կովկասում եւ առավել կենսունակ լինել մերձավորարեւելյան-կովկասյան կորում ճնշմանը դիմակայելու հարցում, որ գալիս է Թուրքիայից, Իրանից, Իսրայելից:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, որպեսզի Վրաստանը չգերագնահատի իր դերն ու հնարավորությունը, դիտարկելով այն այսպես ասած միջնորդական համատեքստում: Վրաստանը Հայաստանի հետ միասին կարող է դիտարկել միջնորդություն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Դա առավել իրատեսական է եւ Վրաստանի համար առարկայորեն անհրաժեշտ, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության անիմաստ դերի դիտարկումը:

951 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *