Բալասանյանը կամիկաձեի դեր է ստանձնել. նա մտել է մի դաշտ, որտեղ պարտվելու է

Անցած օրերին տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ, որոնց զուգադիպելը դժվար է պատահական համարել: Հայաստանի կառավարությունում հոկտեմբերի 15-ին հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրանց հանդիպումը տեղի էր ունենում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին զուգահեռ: Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպումից մի քան ժամ առաջ հանդիպել էր համանախագահների հետ: Ներքին ու արտաքին կարևորագույն իրողություններին զուգահեռ ասուլիս էր հրավիրել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և արել հայտարարություններ, որոնք եթե չեն անցել, ապա ընդհուպ մոտեցել են ազգային անվտանգության սպառնալիքի սահմանագծին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և իրավապաշտպան Կարո Եղնուկյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանի իրադարձությունները փոխկապակցված են. «Դրանք պայմանավորված են ոչ միայն կոնկրետ Արցախի հարցի առկայությամբ, այլ ընդհանրապես միջազգային զարգացումների շրջափուլով: Բնականաբար Արցախի հանդեպ միջազգային ուշադրությունը մեծանալու է, և Ադրբեջանը փորձելու է Թուրքիայի աջակցությամբ նոր իրավիճակներ ստեղծել, նոր փաստարկներ բերել, և Հայաստանն էլ իր հակափաստարկները պետք է բերի: Մենք գտնվում ենք աշխարհակարգային վերափոխման փուլում: Տեսնում ենք, որ փաստացի չի գործում միջազգային անվտանգային համակարգը: Բացարձակապես նոր խաղի կանոնների ձևավորման փուլում ենք, և մի կողմից ունենք ահռելի հնարավորություններ, մյուս կողմից՝ կան ռիսկեր, և պետք է քայլեր ձեռնարկել այդ ռիսկերը չեզոքացնելու համար: Արցախի բարեկամների համաժողովն այդ համատեքստում պետք է դիտարկել: Իսկ Ն. Փաշինյան- Բ. Սահակյան հանդիպումը պետք է դիտարկել համանախագահների ընթացիկ այցի համատեքստում, մեծ հաշվով, այդ հանդիպումը պայմանավորված էր այստեղ կալանավորված անձանց փոխանակման առաջարկի հետ, ըստ ամենայնի սլաքները ճշգրտելու խնդիր է եղել»:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ դրանք պայմանավորված են Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական տրամադրություններով: «Փորձում է առավելագույնս մոբիլիզացնել Արցախում այն շերտերին, որոնք դժգոհ են Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից: Բալասանյանը փորձում է սրել իրավիճակը և առավելագույնս մոբիլիզացնել նրանց, բայց, իմ գնահատմամբ, այստեղ Բալասնյանը չի կարող շանսեր ունենալ»,- նշեց Հ. Բադալյանը՝ հավելելով, որ Բալասանյանի հայտարարությունները տրամաբանական քննության չեն դիմանում և չեն վնասում Հայաստանի իշխանություններին:

Կարո Եղնուկյանը, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, ընդգծեց, որ նրանով լավ կլինի զբաղվեն ոստիկանությունը և հոգեբանները: Իրավապաշտպանի խոսքով՝ Բալասանյանը նախկին ռեժիմի՝ ռևանշիստների պալատական ծաղրածուն է. «Նրան մեջտեղ են բերել, որ հարվածները նրա վրա գան… 2016թ-ից արդեն նա իր հոգին ծախել էր: Հիմա նա այն մարդը չէ, որը հերոսի կոչում էր ստացել: Վիտալի Բալասանյանին «дрессировщик»-ներն են հանձնարարություններ տվել՝ իսագուլյանները, դավիթշահնազարյանները, «ադեկվատները»՝ չհաշված Սերժ Սարգսյանը, նրանք արդեն «ստավկա են» դնում Մաիլյանի վրա:

Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ Բալասանյանն այժմ կամիկաձեի դեր է ստանձնել և դիտավորյալ իր վրա է ընդունում հարվածները, սակայն դրանով նա քաղաքական կապիտալ ձեռք չի բերում: «Նրա շրջապատն իրեն ներշնչել է, որ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան գործակալ է՝ «հակահայ պրոյեկտ», և իր մտածելակերպով՝ Բալասանյանը ազգանվեր գործ է կատարում, և հանուն այդ «մեծ առաքելության», նա պատրաստ է հարվածներն ստանալ իր վրա»,- նշեց քաղաքագետը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Վ. Բալասանյանը մտել է մի դաշտ, որտեղ պարտվելու է:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am/2642351.html

421 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *