Մարզպետը մեքենայից չի իջել. ծեծի ենթարկված փոխգնդապետի զինակից ընկերը մանրամասներ է պատմում դեպքից

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի զինակից ընկեր Էդգար Բարշուղյանը NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, պատմեց, որ 1 ամիս է՝ ինչ ճանաչում է Արային, եւ կարծում է, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ իր զինակից ընկերը որեւէ առնչություն չի ունեցել, իրենք եղել են ծառայության մեջ, մարզպետն էլ նորանշանակ է եղել։

«Դեպքի մասին տեղեկացել եմ հաջորդ օրը։ Ճիշտն ասած մենք մարզպետին չենք ճանաչում, իմ կարծիքով ընկերս էլ չի ճանաչել, քանի որ մարզպետը նորանշանակ է եղել, եւ մենք իր հետ որեւէ կապ չենք ունեցել։ Բնակվում եմ Երեւանում, բայց շուրջ մեկ ամիս է, որ զորացրվել եմ Վայոց Ձոր ու այնտեղ ծառայել եմ Մխիթարյանի հետ»,- ասաց զինակից ընկերը։

Նա պատմեց, որ միջադեպին ներկա են եղել 3 սպաներ, նշեց, որ սպաներից մեկի քիթն է կոտրվել, մյուսի աչքի տակն է կապտած, իսկ Արայի վիճակն էլ ծայրահեղ ծանր է։

«Լսել եմ, որ Արայիկը իր ընկերների հետ իրենց բակում կագնած է եղել, եկել են մարզպետի օգնականները, սկսել են հարցեր տալ, թե ինչ եք անում, ինչի եք այստեղ հավաքվել, եւ այլն, դրանից 10 րոպե հետո 2 մեքենայով եկել են ու ծեծել։ Որեւէ պատճառ չի եղել՝ ինչի եք ստեղ հավաքված, ճանաչում ես, թե չես ճանաչում ու քարով գլուխը ջարդել են։ Մենք լսել ենք, որ մարզպետն էլ է ներկա եղել, բայց մեքենայից չի իջել»,- պատմեց նա։

Էդգար Բարշուղյանն ասաց, որ ցանկացած քայլի Արայի ընկերները պատրաստ են, միայն թե արդար դատավարություն իրականացվի։

«Միջադեպի վկաներին զանգահարել են փակ համարով ասել՝ խելոք մնացեք ու նստեք ձեր տեղերը։ Եվ որպես սպա այսպիսի երեւույթն ինձ համար աբսուրդ է։ Մենք պատրաստվում ենք միայն հակառակորդի հետ այսպես վարվել, բայց ոչ մեր հայրենակցի, առավել եւս՝ սպայի»,- ասաց զինակից ընկերը։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարպետը հերքել է իր մասնակցությունը միջադեպին` նշելով, որ իր անունը տալիս են` գործին հնչեղություն տալու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողներին ասել էր, որ միջադեպի բոլոր պատասխանատուները պետք է պարզվեն եւ պատասխան տան, անկախ իրենց կարգավիճակից:

Նշենք, որ 43-ամյա Արա Մխիթարյանը Գյումրի քաղաքից է, սակայն ծառայության է անցել Վայոց Ձորի մարզում, ամուսնացած է, ունի մեկ որդի՝ 10 տարեկան։Լուրեր Հայաստանից — NEWS.am

1,688 просмотров всего, 2 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *