Ադրբեջանին այլ ելք չեն թողնում. Ալիեւի վերջին քայլը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը ուզում է տապալել արցախյան բանակցային գործընթացը: Բաքվի արտգործնախարարության արձագանքը հաջորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, որ նախարար Տոնոյանը հանձնարարությունը բարձր մակարդակով կատարելու համար բարձր պարգեւատրման է ներկայացրել օրերս ադրբեջանական կրակոցից սպանված զինծառայող Սիփան Մելքոնյանի վրեժը հանող զինծառայողներին:

Մինչ այդ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հայկական կողմը փաստերով, տեսանյութերով հագեցած ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի ղեկավարությանն ու Մինսկի խմբի համանախագահներին, որոնցում ցույց է տվել, որ հայկական կողմից որեւէ կրակոց չի եղել այն ժամանակ, երբ զոհվել է ադրբեջանցի մայորը՝ մայիսի 30-ին: Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական փաստական տվյալները վկայել են նաեւ, որ այդ ժամանակ կրակոց եղել է միայն ադրբեջանական կողմում:

Մնում է եզրակացնել, որ մայորը դարձել է ադրբեջանական կրակոցի զոհ: Թե ինչ պայմաններում, պարզ չէ: Բայց, չնայած հայկական կողմի ապացույցներին, Բաքուն երկու օր անց սպանեց հայ զինծառայողի: Եվ ահա, Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարձրաձայնում է, որ տրվել է սպանված զինվորի վրեժը հանելու հանձնարարություն, որը իրականացվել է բարձր մակարդակով:

Ի՞նչ է անելու Ադրբեջանը: Պատասխանելու՞ է: Դրան հետեւելու է հայկական պատասխանը՝ պաշտպանության նախարարությունը փաստացի հայտարարել է այդ մասին: Արդյոք դա լարվածության ճանապարհ է, որը սկսում է ադրբեջանական սադրանքով՝ հայկական ապացույցները անտեսելու միջոցով, թե՞ ինչ որ փուլ, որը չի ունենա աճող շարունակություն: Լավ, հայկական ապացույցներն անտեսել է Բաքուն, ընդ որում ակնառու է, որ անտեսվել է նպատակային:

Իսկ ինչպիսի՞ն է եղել դրանց հանդեպ համանախագահների վերաբերմունքը: Նրանք ընդունե՞լ են հայկական ապացույցները: Ի վերջո, չէ՞ որ դրանք ձեռք են բերվել հենց այն մեխանիզմների օգնությամբ, որոնք հայկական կողմին ապրիլյան պատերազմից հետո տրամադրել են ամերիկացիները:

Փաստացի, հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը սահմանին ներդրված է, պարզապես միակողմանի, չֆորմալացված: Դա նշանակում է, որ մեխանիզմը չի ունենա իրավական ազդեցություն, բայց քաղաքական ազդեցություն ունենալ կարող է:

Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը, սկզբունքային նոր հարցադրումներ բերելով կարգավորման գործընթաց, որոնք վերաբերում էին դրա 1994-ին հաստատված ձեւաչափին, որը խորքային առումով գոյություն ունեցող ստատուս-քվոյի առայժմ միակ իրավա-քաղաքական բազան է, փաստացի կիրառում է նաեւ ներդրված մեխանիզմների քաղաքական ազդեցության լծակը:

Դրան փաստացի հաջորդել են արտաքին ուժային կենտրոնների ազդակները, Ադրբեջանին վերցնելով օղակի մեջ, անգամ հեռավոր թվացող Պեկինից: Այն ճեղքելու ավանդական ռուսական բանալին չի աշխատում, քանի որ Հայաստանը փոխել է «կողպեքը»: Ալիեւը դա արձանագրեց հունիսի 3-ին Պուտինին զանգահարելով եւ դրան երեք օր անց հաջորդած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի մի քանի հայտարարություններով, այդ թվում հենց փաստացի գործող հետաքննության մեխանիզմի մասին:

Հայտարարելով բանակցությունը տապալելու Հայաստանի մտադրության մասին, Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի սպառնում է բոլորին՝ բոլոր այն ուժային կենտրոններին, որոնք գործնականում ճանաչել են Հայաստանի թավշյա հեղափոխությունը՝ որպես ռազմա-քաղաքական նոր իրավիճակի հիմնարար առանցք:

Ադրբեջանի նախագահը զգում է, որ աստիճանաբար կորցնում է անգամ «դեմքը պահելու» բանակցային դիրքը, կասկածի տակ դնելով նրա իշխանական դիրքն ընդհանրապես: Խոշոր հաշվով, Ալիեւը դժգոհում է ոչ թե բանակցության «տապալման» վտանգից՝ այդ «տապալումը» փաստ է վաղուց, այլ իշխանության տապալման վտանգից: Նա գործնականում հայտարարում է, որ Հայաստանի միջոցով Բաքվում տապալում են իր իշխանությունը, համենայն դեպս դնելով երկընտրանքի առաջ՝ կամ գնալ լարման եւ պատերազմի, կամ իրավիճակից դուրս գալ իշխանությունը հանձնելով: Ավելի շուտ, հարցը գործնականում իշխանությունը հանձնելու տարբերակների մասին է՝ ռազմական ձախողմա՞ն, թե՞ խաղաղ ճանապարհով:

2,047 просмотров всего, 1 просмотров сегодня

Загрузка...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *